Այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 32 համայնքներում, 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 102 թեկնածու: Ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական և նրա հովանավորյալ Վահագն Գևորգյանը, որին սատարում է նաև ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադևոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Առաջադրվել են նաև «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ Արթուր Գեղամի Հարությունյանը, ու ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ և առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքապետի մեկ թեկնածու կա՝ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում առաջադրվել են գործարարներ, անկուսակցականներ Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Նրան աջակցում է ՀՀԿ-ն։ Ընտրություններ են կայանալու նաև Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մի շարք այլ համայնքներում ևս։